Рубрика: պատմություն

Առաջադրանք 2

6.«Արիական քաղաքակարթություն»

Արիացիները Հնդկաստանի ու Իրանի հնագույն ժողովուրդներն են, խոսել են արիական լեզուներով, որ պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նրանց ծագումնաբանությունն ու բուն անվանումը բավականին առեղծվածային են:
Վերջին հետազոտությունները վկայում են, որ արիացիները սկզբում մեկ ժողովուրդ են եղել և միայն մ.թ.ա. երկրորդ հազարամյակում են բաժանվել երկու ճյուղի՝ իրանական ու հնդարիական: Այսօր մի քանի վարկածներ կան, թե որտեղից են եկել արիացիները: Եթե հավատանք լեզվաբանական վարկածին՝ արիացիները եկել են Հնդկաստան և հաստատվել են այնտեղ մոտավորապես մ.թ.ա. 1700-1300-ին: Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում հակառակն է՝ կան հնդեվրոպական լեզուների հարյուրավոր տարատեսակներ: Տրամաբանական է եզրակացնել, որ հենց այդտեղ են ծնվել հնդեվրոպական լեզվաընտանիքն ու ժողովուրդները: Գալով Հնդկաստան՝ արիացիները բախվել են բնիկ ժողովրդին, որ խոսում էր այլ լեզվաընտանիքի լեզուներով, օրինակ՝ մունդը (ավստրասիական ընտանիք) կամ դրավիդական լեզուների, որոնցից արվել են արխայիկ փոխառություններ սանսկրիտում: Առավել տարածվածը հիմա դամբարանային հիպոթեզն է, որի համաձայն հնդեվրոպացիների նախահայրենիքը վոլգյան և մերձսևծովյան հողերն են, որոնց վրա հնագետները հայտնաբերել են փոսային մշակույթի հաստատումներ: Այդ մշակույթի ներկայացուցիչներն առաջինն են կառուցել մարտակառքերը, որ նրանց հնարավորություն է տվել շատ տարածքներ գրավել և տարածել իրենց ազդեցությունը եվրասիական ամբողջ մայր ցամաքում:


Կեղծ գիտական շահարկումներ
Ակադեմիական վարկածներին զուգահեռ կան տասնյակ ֆանտաստիկ վարկածներ՝ արիացիներն իրականում առասպելական Հիպերբորեայի բնակիչներ են, եկել են անդրբևեռային շրջանից, նրանք գերմանացիների, ռուսների, էլի ինչ-որ ժողովրդի անմիջական նախնիներն են: Որպես կանոն՝ նման տեսությունները պահանջարկ ունեն ազգայնական տրամադրություններով հասարակություններում՝ կեղծ պատմություն հնարելով իրենց երկրի պատմությունը երկարացնելու նպատակով:


Արիների մշակույթը
Արիները կամ հնդարիացիները հարուստ մշակութային ժառանգություն են թողել: Բացի գրավոր ժառանգությունից՝ Վեդաներն ու Ավեստան, ավելի ուշ ժամանակներում՝ Մահաբհարատան ու Ռամայանան, արիները թողել են և նյութական մշակույթի հուշարձաններ: Սկզբում կիսաքոչվոր ժողովուրդ լինելով՝ նրանք հիմնական ուշադրությունը հատկացրել են կովերի ու ձիերի բուծմանը: Նրանց հիմնական զենքը նետաղեղն է եղել: Նրանք ծանոթ են եղել հողերի ջրարբիացման համակարգին, պողպատի ու ոսկու ձուլմանը: Արիացիների ընտանիքը նահապետական էր, ամեն ընտանիքում, գլխավորից բացի, կային այլ անդամներ, ստրուկներ ու անասուններ: Ընտանիքները միավորվում էին տոհմերով, համայնքներով ու ցեղերով, երբեմն միմյանց հետ թշնամի: Եռադաս սոցիալական համակարգը, որ հետո տարածում գտավ հին իրանական ու հնդկական հասարակություններում, արիների մոտ այդքան զարգացած չէր, սակայն հիմնական գծերը կային: Հիերարխիայի գագաթին քրմերն էին, ապագա բրահմանները, և արիստոկրատները՝ քշատրիները, որ իշխում էին հասարակ ժողովրդին: Արիացիները ռազմատենչ ժողովուրդ էին, որ մշտապես ձգտում էին նոր հողեր ու արոտավայրեր ձեռք բերել:


«Արիական ռասայի» ծագումը
Ռասաների ծագումը մինչև XIX դարը պատմական առեղծված էր: Սակայն դարասկզբին գիտնականները բացահայտեցին եվրոպական շատ լեզուների ընդհանրությունը Հնդկաստանի ու Իրանի լեզուների հետ: Բոլոր այդ լեզուներն անվանեցին արիական լեզվաընտանիք, որ հետո կոչվեց հնդեվրոպական: Հին Հնդկաստանի ու Իրանի ժողովուրդների արի անվանումը սխալմամբ ընկալվեց իբրև բոլոր հնդեվրոպական ցեղերի ընդհանուր անվանում, իսկ հնագետները հայտնաբերեցին փոսային մշակույթը (փոսային մշակույթին բնորոշ էր հանգուցյալներին փոսերի մեջ թաղելը՝ մեջքի վրա պառկած, ծալված ծնկներով, նրանց ծածկում էին օխրայով), որը շնորհիվ մարտակառքերի արագ տարածեց իր լեզվական, մշակութային ու քաղաքական ազդեցությունը ժամանակակից Լեհաստանի, ՈՒկրաինայի ու Ռուսաստանի հարավում գտնվող փոքրիկ հողակտորից մինչև ամբողջ կայսրություն՝ Պորտուգալիայից Շրի Լանկա: Գիտնականները համարեցին, որ լեզուների ընդհանրությունը հավասար է ռասային ընդհանրությանը: Գերմանացի բանասեր Մաքս Մյուլերի հայտնի սխալը, որ ակամա հղում էր արել գոյություն չունեցող «արիական ռասային», գիտական աշխարհում հանգեցրեց արիական ռասայի գոյության մասին տեսակետի տարածմանը, իսկ հետագայում նացիստական ռասայական տեսությունների ծագմանը: